Ավտոմեքենայով զուգահեռ կայանման նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Չինացի Խուան Յուեն նոր ռեկորդ է սահմանել զուգահեռ կայանման հարցում: Նա կարողացել է MINI Cooper S-ը կայանել ընդամենը 15 սմ-ով ավտոմեքենայի չափերը գերազանցող տարածության մեջ, հաղորդում է «ԱվտոՄանիա» պարբերականը:
Նախորդ ռեկորդը սահմանել էր գերմանացի կասկադյոր Ռոննի Վեշելսբերգերը, ով կարողացել էր Volkswagen Polo-ն կայանել մեքենայի չափերը 26 սմ գերազանցող տարածությունում:
Սակայն ռեկորդը նրա մոտ երկար չմնաց, Չինաստանից Չժեն Դա Զոնգը իր մեքենան կայանել էր 24 սմ բացակում:
Իտալացի Պատրիկ Ֆոլկոն գերազանցել էր Զոնգի ռեկորդը 22 սմ տվյալով: Եվ հիմա, ռեկորդը դարձյալ վերադարձավ Չինաստան:
Նման կայանումը վարորդից ոչ ստանդարտ որոշումներ է պահանջում: Օրինակ, որպեսզի մեքենան նման փոքր տարածության մեջ տեղավորվի, վարորդը սկզբից մի լավ արագություն է հավաքում, իսկ հետո ձեռքի արգելակի օգնությամբ մեքենան մխրճում է նշված տեղը:
Սակայն տվյալ պարագայում կայանման կերպը կարևոր չէ: Կարևորն այն է, որ մեքենան ճիշտ կայանված լինի, և հարևան մեքենաներից ոչ մեկը չտուժի:
Իհարկե, նման փոքր բացակի պարագայում, առանց մյուս մեքենաները վնասելու, դուրս գալը անհնար է:









