Տիգրան Սարգսյանը Բրյուսելում է, իսկ «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը չեն մեկնել

16:14 • 04.06.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն երեկվանից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի թագավորությունում: Բրյուսելում նախատեսված է Տիգրան Սարգսյանի ելույթը Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ՝ CEPS, ինչպես նաև՝ հանդիպում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի հետ և մասնակցություն՝ ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին:


Տիգրան Սարգսյանը կայցելի «ԱյԲիԷյ» մոլեկուլյար ընկերություն, որտեղ վերջինիս և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջև տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն:

 

Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

 

Հիշեցնենք, որ հայաստանյան երեք կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և »Ժառանգությունը» նախորդ տարվա աշնանից դիտորդ անդամի կարգավիճակով անդամակցում են ԵԺԿ-ին ( EPP –ին, որի մշտական անդամ կարող է դառնալ այն երկիրը, որը ԵՄ անդամ է Tert.am ), մինչդեռ «Բարգավաճ Հայաստանին» կազմակերպություն չընդունեցին:

 

Նշենք, որ «Ժառանգությունը» ԵԺԿ –ի քաղաքական խորհրդաժողովի նիստին չի մասնակցում:

 

«Պարզապես օրակարգային հարցերը այնպիսին էին, որ »Ժառանգությունը» որոշեց չմասնակցել»,- Tert.am –ի հետ զրույցում չմեկնելու պատճառների մասին հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:

 

Ինչպես Tert.am –ին հայտնեց ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը՝ ՕԵԿ ներկայացուցիչը ևս չի մեկնել Բրյուսել: Կուսակցության մամուլի խոսնակը նշեց, որ ՕԵԿ-ից միշտ ԵԺԿ նիստերին մասնակցում է Մհեր Շահգելդյանը, սակայն այս անգամ նա վատառողջ է եղել: