Ֆոտոքիմիական թունամշուշ և փոշի. այն, ինչ կախված է Երևանի գլխին
Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն է, իսկ հունիսի 17-ը տոնացույցում նշվում է որպես Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր:
Երևանում և հանրապետության քաղաքներում առկա թիվ մեկ խնդիրը, ըստ
բնապահպանական «Էկո» հասարակական կազմակերպությունների դաշինքի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի, ֆոտոքիմիական թունամշուշն է:
Ըստ բնապահպանի` չնայած Հայաստանի քաղաքներում արտանետումները շատ չեն, բայց դրանք արևի ճառագայթների ներքո քայքայվում են և, թթվածնի հետ միանալով, դառնում շատ ավելի թունավոր, ռադիկալ թթվածին պարունակող նյութեր: Սա հենց այն ֆոտոքիմիական թունամշուշն է, որը, ըստ բնապահպանի, մշտապես առկա է Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում:
«Դրա ցուցանիշներն են՝ օզոնի, ազոտի օքսիդների առկայությունը, որոնք միշտ քաղաքում բարձր են: Բարձր է նաև փոշու առկայությունը, դա էլ կապված է կանաչ տարածքների կրճատման հետ, հենց կենտրոնում ամենուր շինարարություն է, և մարդիկ խեղդվում են»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Եվ սա այն դեպքում, երբ Երևանի նախկին գործարանների ու ձեռնարկությունների հիմնական մասը կամ ընդհանրապես չի աշխատում, կամ չի աշխատում նախկին հզորությամբ, իսկ հիմնական աղտոտվածության աղբյուրը տրանսպորտային արտանետումներն են:
Այսպիսով, Երևան քաղաքի օդի աղտոտվածության հիմնական պատճառն, ըստ Կարինե Դանիելյանի, հետևյալն է՝ «կանաչ տարածքները և ջրային տարածքները կրճատվել են, իսկ տրանսպորտն աճել է»:
Բնապահպանը նկատում է, որ մայրաքաղաքում կանաչ տարածքների կրճատման ցուցանիշը, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, կազմում է 60-70 տոկոս:
Մինչդեռ, անձամբ ինքը համոզված է, որ այն տոկոսային առումով կազմում է առնվազն կեսը:
Երեկ բնապահպանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և համատեղ քննարկել Երևանի քաղաքապետարանին կից բնապահպանական հանձնաժողով ստեղծելու հարցը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Կարինե Դանիելյանը, հանձնաժողովի ղեկավար կազմը ընդգրկված կլինի Քաղաքաշինական խորհրդում. բնապահպանը հույս ունի, որ կկարողանան ազդել քաղաքաշինական որոշումների վրա:
Ըստ մեր զրուցակցի՝ չնայած Հայաստանի քաղաքների բնապահպանական հիմնախնդիրները շատ ընդհանուր գծեր ունեն, այնուամենայնիվ, տարբեր քաղաքների պարագայում ակնհայտ է նաև տարբերությունը: Օրինակ՝ Հրազդանում թիվ մեկ խնդիրը, պայմանավորված ցեմենտի գործարանի առկայությամբ, օդի աղտոտվածությունն է, վերջին շրջանում, երկաթի հանքի բացման հետ կապված, քաղաքին սպառնում են նաև ծանր մետաղները՝ օդում, ջրում և հողում:
Նախկինում, ըստ Կարինե Դանիելյանի, Հրազդանում, գոնե մասամբ, օդի աղտոտվածությունը մաքրվում էր շնորհիվ մոտակա անտառների, մինչդեռ այսօր դրանց ծավալն էականորեն կրճատվել է:
«Ալավերդի քաղաքի խնդիրը կապված է տեղի գործարանի հետ.արտանետումների տոկոսը շատ բարձր է: Զարմանալի է, չնայած գնել են մաքրող սարքեր, բայց ինչպե՞ս է ստացվում, որ այդքան բարձր աղտոտվածություն կա, չգիտեմ…: Արարատ քաղաք… այստեղ դարձյալ փոշու մասին է խոսքը, և այստեղ հիմա նաև ոսկու վերամշակման թափոնների խնդիրը կա»,-ասաց բնապահպանը:
Ինչ վերաբերում է հայաստանյան անտառներին, ապա Հայաստանում նախկինում 11 տոկոս կազմող անտառածածկ տարածքը, ըստ տեղական և արտասահմանյան տարբեր փորձագիտական տվյալների, (այս թվում Ամերիկյան համալսարանի, «Ագրոհամալսարանի» և 2006 թ. NASSA-ի՝ տիեզերքից նկարահանված տվյալների- Tert.am ) վերջին տասը-տասնհինգ տարիներին կրճատվել է մինչև 8 %, ոմանց պնդմամբ, ընդհուպ մինչև 6%:
Սակայն գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ վերջերս իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում իրականացվում է անտառների վերականգնում բնական ճանապարհով, ինչի արդյունքում նախկին անտառածածկ տարածքները վերականգնվել են և հասել նախկին 11 տոկոսին:
Վերականգնված անտառային տարածքները, ըստ Կարինե Դանիելյանի, սակայն «այն անտառը չէ», երկրորդային անտառ է, որն իր որակով զիջում է առաջնային անտառին:









