Փոխվարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ստուգայցով եղել է Գյումրիում` ծանոթանալու պետբյուջեի միջոցներով Շիրակի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին, այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ, ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով, Շիրակի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որից միայն շուրջ 500 մլն դրամ` Գյումրիում ծրագրերի իրականացման համար: Երրորդ փուլով մարզում հիմնականում կիրականացվեն կրթական հաստատությունների, համայնքային կենտրոնների և մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ:
Բացի այդ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ևս շուրջ 500 մլն դրամ է հատկացվել` «Մուշ-2»-ը Բուլվարային թաղամասին կապող 2,4 կմ ճանապարհի կառուցման համար:
Ա. Գևորգյանը, մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ, եղել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում ընդգրկված մի շարք օբյեկտներում, ինչպես նաև այցելել է Գյումրիի նոր բժշկական կենտրոն, որի շինարարությունն արդեն ավարտվել է, և ներկայումս կատարվում են բարեկարգման աշխատանքներ: Նա ծանոթացել է նաև Ավստրիական մանկական հիվանդանոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Այցի ավարտին մարզպետի հետ քննարկվել են ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ։









