ԱԺ կայքում դեռ բոլոր թարմացումներն արված չեն (լուսանկարներ)

17:10 • 05.06.12

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքեջում՝ Parliament.am-ում, մինչև այսօր ՀՀ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը ներկայացված էր նաև իր նախկին պաշտոնով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ:

 

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ տեխնիկական բաժնի աշխատակից Անուշ Մանուկյանը ասաց, որ իրենք հենց այս պահին Սամվել Բալասանյանի՝ ԱԺ փոխնախագահի՝ կայքում տեղափոխման հարցն են կարգավորում, և նրա փոխարեն պետք է դրվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի անունը:

 

«Գիտեք մեզ մոտ այնքան բարդ է, մի քանի լեզուներով ենք թարմացնում, հենց այս պահին Ձեր ասած խնդրի վրա ենք աշխատում»,-ասաց Ա. Մանուկյանը:

 

Վերջինս նշեց նաև, որ այն պատգամավորները, ովքեր որ եղել են ՀՀ 4-րդ գումարման խորհրդարանում, նրանց լուսանկարներն ու կենսագրություններն արդեն իսկ կան ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում, մինչդեռ նկատենք, որ, օրինակ, չկա ՀՀ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կենսագրությունը, որը ևս 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր է:


Հիշեցնենք, որ երբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 31-ին ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահ, Parliament.am կայքը նրա ընտրվելու մի քանի րոպե անց ընդամենը, տեղադրեց Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որը ուղղված էր կայքի այցելուներին:

 

Հ.Գ. Մինչ հոդվածի հրապարակելը, ԱԺ կայքում արդեն իսկ փոխվել էին Սամվել Բալասանյանի տվյալները: