Քիշնևում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության անդրանիկ նիստը
Քիշնևում այսօր տեղի է ունեցել Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը, այս մասին տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել է 2011թ. սեպտեմբերին Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո գործընկեր երկրներում տեղ գտած բարեփոխումների գործընթացները և Արևելյան գործընկերության «Ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները:
Մտքեր են փոխանակվել գործընկերության շրջանակներում մինչև 2013թ. կայանալիք հաջորդ գագաթնաժողով կատարվելիք միջոցառումների մասին:
Նախարարի տեղակալ Մնացականյանն իր խոսքում ողջունել է Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության այս նոր ձևաչափը, ինչը կարող է լինել աշխատանքային միջավայրում տեղեկատվության պարբերաբար փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ներկայացման արդյունավետ լրացուցիչ հարթակ:
Փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակին և Արևելյան գործընկերության հեռանկարներին:
Համաժողովի շրջանակներում Զ. Մնացականյանը երկկողմ հանդիպումներ և շփումներ է ունեցել իր գործընկերների և ԵՄ պաշտոնյաների հետ:









