Գերմանահայ ցեղասպանագետը ՀՀ փյուռքի նախարարությունում պարգևատրվել է մեդալով
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր հյուրընկալվել է գերմանահայ գիտնական, ցեղասպանագետ Միհրան Դաբաղը, ում Սփյուռքի նախարար ՀրանուՇ Հակոբյանը պարգևատրել է «Վիլյամ Սարոյան» մեդալով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը, պարգևը նա ստացել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը ստեղծագործական գործունեությամբ նպաստելու, միջհամայնքային կապերի ամրապնդման, սփյուռքում հայ մշակույթի տարածման, ակնառու նվաճումների և ձեռքբերումների գործում ունեցած զգալի ավանդի, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Միհրան Դաբաղը 1994թ. Բոխումի Ռուր համալսարանին կից հիմնադրել է «Սփյուռք և Ցեղասպանությունն ուսումնասիրող» ինստիտուտը: Նա հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների:
Միհրան Դաբաղը ՀՀ սփյուռքի նախարարությունում հանդես է եկել դասախոսությամբ` մասնավորապես նշելով, որ կարևորը ոչ միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է, այլ այն, թե դա ինչպես կարվի: Դասախոսության ավարտին Միհրան Դաբաղը պատասխանել է ներկաների հարցերին:









