ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» ԱԺ-ում էին. նրանց տրվեց «ԱԺ կանոնակարգ օրենքն» ու Ավետարանը

16:14 • 05.06.12

Այսօր առաջին անգամ ողջ կազմով Ազգային ժողով էին եկել ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի և «Ժառանգություն» խմբակցության անդամները՝ բացառությամբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի:


Մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը գումարել էր իր առաջին նիստը, որը նվիրված էր կազմակերպչական ու տեխնիկական խնդիրներին, խորհրդարանի տեխնիկական անձնակազմը զբաղված էր «նորաբնակսների» խնդիրները հոգալով. պատգամավորներին տրամադրում էին իրենց աշխատասենյակների բանալիները, հեռախոսներ էին տեղադրվում, հեռախոսագծեր քաշվում:


Ինչպես կատակով նշեց ԱԺ տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկը՝ ՀԱԿ-ին «գոլդ» համարով հեռախոս է տրամադրվել, այն է՝ 51- 34- 24: Իսկ խմբակցության ընդունարանի աշխատասեղանին շարված էին յոթ հոգանոց խմբակցության համար նախատեսված պարագաները՝ «ԱԺ կանոնակարգ-օրենքը», Ավետարանը, պատգամավորական կրծքանշանը, պատգամավորի երդման տեքստը և պատգամավորի եռագույնով կրծքանշանը:


Ավելի ուշ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակ այցելեցին ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանի գլխավորությամբ:


Մոտ՝ մեկ-մեկուկես ժամ տևած խորհրդակցությունից հետո, ՀԱԿ խմբակցության անդամները ցրվեցին՝ առանց վերջնական որոշում կայացնելու, թե ո՞ր պատգամավորը, ո՞ր հանձնաժողովում է ընդգրկվելու:


Ամենայն հավանականությամբ, պատգամավորներ՝ Լյուդմիլա Սարգսյանը կընդգրկվեն ԱԺ սոցիալական, Գագիկ Ջհանգիրյանը՝ ԱԺ պետաիրավական, Հրանտ Բագրատյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովներում:


«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Tert.am -ի և «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, չհամաձայնեց այն հարցադրման հետ, թե՝ ԱԺ ո՞ր խմբակցության հետ կհամագործակցի ՀԱԿ-ը:


«Մենք պատգամավորական գործունեություն ենք ծավալելու, քաղաքական և օրենսդրական գործունեություն ենք ծավալելու, և եթե որևէ մեկը միանա մեր նախաձեռնություններին, հասկանալիորեն, ոչ մեկը դեմ չի լինի, որպեսզի այդ նախագիծը հնարավորինս մեծ թվով պատգամավորների աջակցություն ստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Հակադարձելով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե շատ ուրախ է ԱԺ-ում ՀԱԿ-ի ներկայության համար, քանի որ այդկերպ փողոցում լուծվող հարցերը կտեղափոխվեն խորհրդարան, Նիկոլ Փաշինյանն ասաց.« Չի բացառվում, որ խորհրդարանում լուծվող հարցերը տեղափոխվեն փողոց»:


ԱԺ պատգամավորը նաև հայտարարեց, որ համապատասխան քաղաքական պայմանների առկայության դեպքում ՀԱԿ խմբակացությունը կբարձրացնի նաև Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը:


«Բայց ասեմ, որ ինձ համար ամենալավ տարբերակն այն է, որ իմփիչմենթը խորհրդարանում ընդամենը արձանագրվի, բայց դա պետք է նախ տեղի ունենա փողոցում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ինչպես հայտնի է, պայմանավորված ՀԱԿ-ի խմբակցության պատգամավորների թվով, վերջինս կարող է ունենալ ԱԺ հանձնաժողովի մեկ փոխնախագահի տեղ, սակայն «Հայ ազգային կոնգրես»-ը որոշել է, որ իրեն մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն հարկավոր չէ:


Սոցիալ դեմոկրատական- հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ հեռակա պատասխանելով Գալուստ Սահակյանին, ով դեռ նախընտրական շրջանում հույս էր հայտնել, թե խորհրդարան մտնելով ՀԱԿ-ն «իր լեքսիկոնը կփոխի», ասաց. «Եթե ԱԺ մեծամասնությունը կառուցողական վարք, դիրքորոշում ցուցաբերի, ապա ՀԱԿ-ն իր լեքսիկոնը կփոխի, եթե ոչ, ապա իրերը կկոչենք իրենց անուններով»:


ԱԺ ՀԱԿ խմբակցությանը հատկացվել են աշխատասենյակներ առաջին հարկում, որի հակադիր ծայրում «Ժառանգությունն» է:


Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն էլ էր նիստ գումարել (ինչպես տեղեկացրեցինք Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանում չէր): Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության և այլ հարցեր:

Համեմատաբար կարճ նիստից հետո «Ազատ դեմոկրատներ»-ը (Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը) և «Ժառանգության» անդամները ( Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը) ուղևորվեցին բուֆետ՝ սուրճ խմելու:


«Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ քանի որ իրենք սակավաթիվ են, բոլոր հանձնաժողովներում կունենան երկուական անդամ: