ԱԷՄԿ-ը կասկածում է, որ Իրանը Պարչինի ռազմաբազայում միջուկային փորձարկումների հետքերն է վերացնում (լուսանկարներ)
ԱԷՄԿ-ի ղեկավար Ամանոն կարծում է, որ Իրանը քանդում է Պարչին ռազմաբազայում գտնվող շինությունները, որ վերացնի միջուկային փորձարկումների հետքերը: Այս մասին այսօր հաղորդում է Reuters գործակալությունը:
Ամանոյի խոսքով, այդ մասին վկայում են որոշ ժամանակ առաջ կատարված արբանյակային լուսանկարները:
«Արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ քանդվում են շինություններ, հանվում է ցանկապատը, և տեղափոխվում է հողը», - երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամանոն:
Արևմտյան երկրները կասկածներ ունեն, որ Պարչինում Իրանը 10 տարի առաջ հնարավոր է, որ միջուկային փորձարկումներ է իրականացրել, որոնք անհրաժեշտ են ատոմային ռումբ ստեղծելու համար:
ԱԷՄԿ-ը Թեհրանից փորձում է այդ օբյեկտում ստուգումներ իրականացնելու թույլտվություն ստանալ:
Իրանական իշխանությունները պնդում են, որ տվյալ օբյեկտում միջուկային փորձարկումներ չեն եղել. այնտեղ սովորական ռազմական համալիր է:











