Ուկրաինայում բարձրացրել են փոքրամասնությունների լեզուների կարգավիճակը

12:27 • 05.06.12

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն այսօր առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել «Լեզվի քաղաքականության հիմունքների մասին» օրինագիծը, որը ենթադրում է ռուսաց ու այլ ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառման ոլորտի ընդարձակում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 234 պատգամավոր:

 

Մինչ այդ, այսօր առավոտից խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում ռուսերենի հակառակորդներն ու կողմնակիցները: Խորհրդարանի մուտքի մոտ են հավաքվել Տարածաշրջանների կուսակցության անդամները, իսկ հարևանությամբ կանգնած են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, որոնք դեմ են օրինագծի ընդունմանը:


Մայիսի 24-ին խորհրդարանն արդեն փորձել էր առաջին ընթերցմամբ հավանության արժանացնել օրինագիծը, սակայն նիստերի դահլիճում ծեծկռտուք էր սկսվել Տարածաշրջանների կուսակցության պատգամավորների ու ընդդիմադիրների միջև, ինչից հետո աշխատանքները դադարեցվել էին: