Անցկացվեց «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթը
«Մենք կարող ենք» շարժումն այսօր` Շրջակա միջավայրի պաշտպանության օրվա առիթով, Երևանում և Հայաստանի այլ մարզերում կազմակերպել էր «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մանկական մրցույթ:
Շարժման կազմակերպիչները տեղեկացնում են, որ Երևանի մանկական զբոսայգում հավաքված մինչև 12 տարեկան ավելի քան 70 երեխաներ նկարում էին «Հայաստանն առանց աղբի» թեմայով բնապատկերներ:
Երեխաներին օրվա խորհուրդը ներկայացրել են Բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի փոխտնօրեն Սամվել Բալոյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Երևանին զուգահեռ, կավճանկարչության տոներ էին կազմակերպվել նաև Հրազդանում, Ալավերդիում, Հաղպատում, Ապարանում, Եղվարդում, Իջևանում և Գավառում:
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են նվերների:
Միջոցառումն անցկացվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) «Հայաստանն առանց աղբի» շարժման շրջանակներում` շարժման մաս կազմող մի շարք ՀԿ–ների աջակցությամբ։










