Մոսկվայում դոլարի կուրսով հրապուրված հայ գործարարը զրկվել է 8 մլն ռուբլուց
Մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Հովհաննիսյանը տեղեկանալով, որ դոլարի բարձր կուրսը սկսել է ընկնել, որոշել է փոխանակել իր հավաքած 250 հազ դոլարը, սակայն Լենինի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը գումարը վերցրել է ու անհետացել, հայտնում է Life News-ը:
«Սան Լազարո» ռեստորանի սեփականատեր հայն իր բոլոր խնայողությունները պահում էր տանը: Իր իսկ խոստովանմամբ` նա կշարունակեր կուտակել գումարը, եթե «չտարվեր դոլարի կուրսի տատանմամբ»:
Հովհաննիսյանն ինտերնետով գտել է հարմար փոխանակման կետ, որն առաջարկում է 1 դոլարի դիմաց 33.40 ռուբլի, այնուհետ ուղևորվել Լենինի պողոտա: Ճանապարհին նա մի քանի անգամ զանգահարել է փոխանակման կետի աշխատակցին ու զգուշացրել, որ ուշանում է և խնդրել սպասել իրեն:
Հասնելով տեղ` նա գումարը տվել է աշխատակցին ու…«ցտեսություն» ասել դրանց: Աշխատակիցը խնդրել է սպասել իրեն ու անհետացել: 10 րոպե սպասելուց հետո, Հովհաննիսյանը սկսել է անհանգստանալ ու զանգահարել է աշխատակցին, վերջինս էլ ասել է, որ շուտով կլինի:
«Սակայն հեռախոսազրույցի ընթացքում ես հասկացա, որ նա փողոցում է, և զանգահարեցի ոստիկանություն»,- պատմել է գործարարը` հավելելով, որ աշխատակիցը մոտ 40 տարեկան, ակնոցներով, ճաղատ տղամարդ է:
«Ես նրան լավ եմ հիշում»,- ասել է Հովհաննիսյանը:
Այժմ իրավապահները փնտրում են աշխատակցին:









