Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Փարիզում. Մամեդյարով
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն հունիսի 18-ին, Փարիզում: Այս մասին, Trend-ի փոխանցմամբ, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ շփման գծում մարդկային կորուստները բացասաբար կազդեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:
«Քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, նման միջադեպերը, ցավոք, կշարունակվեն, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Հայաստանին աշխատանքներ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ Փարիզում Ադրբեջանը «կփորձի համոզել հայկական կողմին ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին»:
«Մենք գիտակցում ենք, որ այս թեման բավական զգայուն է, և հակամարտող կողմերը, ինչպես նաև միջազգային միջնորդները պետք է այս ձգձգվող հակամարտության լուծման ուղիներ որոնեն»,- ասել է ադրբեջանցի նախարարը:









