Հետ է մղվել 15-20 հոգուց բաղկացած ադրբեջանական զինված դիվերսիոն խմբավորում, թշնամու կողմում կա 5 զոհ և բազմաթիվ վիրավորներ. ՊՆ

11:54 • 05.06.12

Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:


Ինչպես ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներին հղում անելով հայտնել էր Tert.am-ը՝ այսօր առավոտյան` Ադրբեջանի ժամանակով ժամը 06.30-ին, շփման գծում` Տավուշի մարզի հատվածում, հայկական զինված ուժերը ոչնչացրել են 4 ադրբեջանցի զինծառայող: Եվս մեկ ադրբեջանցի մահացու վիրավորվել է ստացել և ավելի ուշ մահացել:


Մասնավորապես, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ զոհվել են 1988թ.-ին ծնված Ամիլ Ալիևը, 1993թ.-ին ծնված Հալիդ Ազիզովը, Վահիդ Բագիրովը, Զուլֆուգար Աթաշլըն, Էլչին Իսմայիլովը:
 

Հիշեցնենք, որ երեկ` ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցից ժամեր առաջ, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձել էր ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:


ՀՀ ՊՆ մամլո ծառայության համաձայն` ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր և տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:


Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Հովարդ Բերմանը և Կոնգրեսի Հայկական հարցերի համախմբման համանախագահ Ֆրենկ Փալոնը խիստ հայտարարություններով են հանդես եկել՝ դատապարտելով ազերիների սահմանային հարձակումը Հայաստանի վրա՝ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Կովկաս այցից ժամեր առաջ, որի հետևանքով 3 հայ զինվոր էրզոհվել, հայտնում է Asbarez-ը՝ հղում կատարելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ԱՀԴՀ):