Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել

18:38 • 05.06.12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Չինաստան պետական այցի շրջանակում, այսօր Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ու Չինական ներդրումային կորպորացիայի (CIC) միջև ստորագրվել է Ռուս-չինական ներդրումային հիմնադրամի կառավարման խորհրդի ստեղծման աշխատանքների ավարտի մասին պայմանագիրը, հայտնում է vz.ru-ն:


Հիմնադրամի նպատակային չափը 2-4 մլրդ դոլար է, որից 1 մլրդ դոլարը կներդնի ռուսական կողմը, ևս 1 մլրդ-ը` CIC-ը, 2 մլրդ դոլարն էլ կստացվեն Չինաստանի ինստիտուցիոնալ ներդրողներից, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Հիմնադրամի հիմնական խնդիրը կլինի Ռուսաստանում ներդրումներ իրականացնող անձանց բարձր եկամտաբերությամբ ապահովումը:


Հաղորդվում է, որ հիմնադրամի կառավարման խորհրդում, որը կզբաղվի միջոցների կառավարմամբ, ռուսական ու չինական ընկերությունները կստանան համապատասխանաբար 60% և 40% մասնաբաժին: Առաջին ներդրումային գումարները կուղղվեն մեքենաշինության, գյուղատնտեսության, փայտավերամշակման արդյունաբերության և այլ ոլորտներին:

 

Գումարի 70 տոկոսը կներդրվի Ռուսաստանում ու ԱՊՀ այլ երկրներում, իսկ 30%-ը` Չինաստանում:

 

Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ռուս- չինական հարաբերությունները գտնվում են պատմական նոր փուլում: Նրա խոսքով` երկու երկրների ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, միջազգային հարթակում միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն խնդիրների լուծման հարցում համագործակցությունը խորացնելու մասին:

 

Հատկապես կխորացվի համագործակցությունը ՄԱԿ-ի, «Մեծ քսանյակի», ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն), Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Կամրապնդվի գործընկերությունը ռազմական ու անվտանգության ոլորտում: Ձինթաոյի խոսքով` կողմերը պայմանավորվել են ձեռնարկել համատեղ միջոցառումներ երկրների միջև առևտրաշրջանառությունը մինչև 2015թ.-ը 100 մլրդ դոլարի հասցնելու նպատակով:

 

ՌԴ նախագահը կմասնակցի վաղը մեկնարկելիք Շանհայի համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին: