Սահմանին վիրավորված 6 զինծառայողներից 5-ի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ բավարար

16:39 • 05.06.12

Հունիսի 4-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով տարբեր աստիճանի հրազենային և բեկորային վնասվածքներ ստացած 6 հայ զինծառայողներից 5-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ շարքային Կորյուն Իրիցյանի առողջական վիճակը` բավարար: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:


Նշենք, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, թե զինծառայողներից ով, ինչ վնասվածք էր ստացել, ըստ որի՝ ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի և նստաշրջանի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի կայազորային հոսպիտալ: Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վնասվածքով, շարքայիններ Սեդրակ Շահբազյանը ձախ արմնկահոդի և ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքներով, Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի և բազկի շրջանում հրազենային միջանցիկ վերքերով, Կորյուն Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով, Մաքսիմ Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վերքով , տեղափոխվել էին Տավուշի կայազորային հոսպիտալ:


Հիշեցնենք, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել` 6 զինծառայող: