Բնակիչներն ահազանգում են. Աջափնյակում հերթական ծառերն են հատվել

17:27 • 06.06.12

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 շենքի բնակիչներն ահազանգում են՝ շենքի բակի 5 հաստաբուն ծառերը հատվել են, որոնցից երկուսը` պտղատու:

 

Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ ծառերը հատել է նույն շենքի բնակիչը, ով պնդում է, որ համապատասխան թույտվությունն ունի և բացի այդ ծառերը գտնվում են իր սեփականաշնորհված տարածքում, այդ իսկ պատճառով, ինչ ուզի կանի:

 

Երևանի քաղաքապետարանը խնդրին տեղեկացավ Tert.am-ից: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ ահազանգի մասին տեղյակ են պահել նաև ոստիկանությունում, ովքեր լինելով տեղում գրացել են, որ տեղի է ունեցել ապօրինի ծառահատում: Արթուր Գևորգյանը տեղեկացրեց, որ փաստն արձանագրվել է և կազմվել համապատասխան ակտ:

 

Քաղաքապետարանի մամուլի պատասխանատուն ավելացրեց, որ հատողը նույն պատճառաբանությունն է բերել` սեփականության հետ կապված, սակայն տեղեկացրեց, որ բոլոր դեպքերում ոչ ոք իրավունք չունի առանց քաղաքապետարանի թույլտվության նույնիսկ ճյուղեր հատել, ուստի ապօրինի գործողության համար կվճարի սահմանված չափով տուգանք: