Արմեն Մարտիրոսյանն առաջիկայում նախագահի թեկնածու է տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանին
2013 թվականի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի սեփական թեկնածուին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Սակայն, թե ո՞վ կառաջադրվի՝ Մարտիրոսյանը նշեց, որ դեռ պետք է քննարկվի կուսակցության ներսում:
«Կուսակցությունը կառաջադրի նախագահական ընտրություններին այն մարդու թեկնածությունը, ում կտեսնի այդ դերում, մի կողմից էլ տվյալ մարդը պետք է պատրաստ լինի առաջադրվելուն: Մենք կողմնակից ենք, որ առավել լայն կոնսոլիդացում լինի ներքաղաքական դաշտում»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը, միաժամանակ նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հավհաննիսյանը ևս մտորելու ժամանակ ունի և առաջիկա ամիսների քաղաքական զարգացումներով պայմանավորված՝ կհայտարարի իր որոշման մասին:
Հարցին, թե, արդյո՞ք, հնարավոր է, որ «Ժառանգություն» կուսակցությունը համախմբվի մեկ այլ, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանի» կողմից առաջադրված թեկնածուի շուրջ, նա պատասխանեց.«ԲՀԿ-ն մի փոքր այլ մոտեցում ունի իր դերի մասին և դեռ վաղ է դրա մասին խոսելը, համագործակցությունը հնարավոր համարում ենք կոնկրետ թեկնածուի շուրջ: Այս պահին ընդդիմադիր դաշտում ավելի խարիզմատիկ թեկնածու՝ քան Րաֆֆի Հովհաննիսյանն է, չկա»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե ընդդիմադիր դաշտը մի անգամ աջակցի «Ժառանգությանը», ապա դժվար թե տուժի:
Արմեն Մարտիրոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու խնդրին:
«Որոշել ենք աշնանը անդրադառնալ այդ հարցին, քանի որ այս ընթացքում հնարավոր է, ոչ հրապարակային, բայց բուռն զարգացում ապրի քաղաքական դաշտը: Եվ դրանից հետո միայն բոլորդ կտեղեկանաք որոշման մասին»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսը նաև չբացառեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, բայց դրա համար, ըստ Մարտիրոսյանի, առաջին հերթին վերջիններս պետք է նման ցանկություն հայտնեն:









