Ադրբեջանական կողմը իր դիվերսիոն գործողությունների հետևանքով տվել է ոչ թե 5, այլ՝ մինչև 25 զոհ. Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ երեկ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական դիվերսիոն գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը ոչ թե 5 (որոշ ժամանակ անց նշվեց 8-ը-Tert.am), այլ շատ ավելի մեծ թվով կորուստներ է ունեցել:
«Բոլորին է հայտնի՝ եթե ադրբեջանական կողմը ներկայացնում է զոհերի թիվը, ապա դա մի քանի անգամ ավելին է եղել: Մեր տարբեր աղբյուրներից հայտնի են, որ նրանք ունեն մինչև 25 զոհ»,-ասաց փորձագետը:
Վերջինս նկատում է, թե այս ամենից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մեկ զոհի դիմաց 10 զոհ ունենալն արդարացված է համարում: «Ստացվում է, որ նրանք գնալով սադրիչ գործողությունների, լավ տեղյակ են, որ հայկական կողմը պատրաստ է դիմակայել, այսինքն՝ նրանք պատրաստ են կորցնել մի քանի անգամ ավելի զինծառայողներ»:
Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ՝ խնդիրը ոչ միայն ադրբեջանաղարաբաղյան է, այսինքն` հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-թուրքական, քանի որ, ինչպես բոլորին է հայտնի, նույն դիվերսանտները պատրաստվում են Թուրքիայում: «Սադրիչ գործողությունները դիվերսիոն բնույթի են, իսկ նորություն չի, որ այդ քայլերն իրականացնողները թուրքական կադրերն են, գուցե նաև հենց թուրքական կողմի մասնակցությամբ»,-ասաց փորձագետն ու հավելեց, թե պատահական չէ այս օրերին Թուրքիայի բարձրաստիճան զինվորականության այցը Բաքու:
Բանախոսի դիտարկամամբ, երբեք Ադրբեջանն այդքան արագ չէր արձագանքել ադրբեջանական զոհերի փաստին, նույնիսկ ոչ հավաստի թվեր ներկայացրել, այլ մշտապես փորձել է ժամանակ շահել: Իսկ ադրբեջանցի 5 զոհերի մասին հնչած հայտարարություններն, ըստ Հովհաննիսյանի, ուղղված էին ԱՄՆ պետքարտուղարին՝ ցույց տալու համար, թե ոչ միայն իրենք են սպանում:
Փորձագետի մեկ այլ դիտարկմամբ, ադրբեջանական կողմի նման արագ արձագանքը, գուցե, պայմանավորված է նրանով, որ դրանով Ադրբեջանը Թուրքիայից դժգհում է զինծառայողների պատրաստման հարցում ստացված արդյունքներից.«Նման դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը պետք է ստուգեր արդյունքները, որով անցել են իրենց զինծառայողները»,-նկատեց նա:
Ռազմական փորձագետը չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ նշելով, որ հետախուզական մարտերով ադրբեջանական կողմը փորձում է ստուգել մեր պաշտպանության աստիճանը: Իսկ մեր պաշտպանության մակարդակի մասին նա խոսել չցանկացավ, նշելով՝ փորձով տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում:
Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ ադրբեջանական կողմը հերոսացնում է հայկական խրամատներում մնացած իր դիվերսանտներին, իսկ մենք չգիտենք նույնիսկ մեր իրական հերոսների անունները:









