Ֆրանսիացի նախարարն առաջարկում է օրինականացնել մարիխուանան
Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար, «Կանաչների» կուսակցության առաջնորդ Սեսիլ Դյուֆլոն առաջարկել է մարիխուանան դասել ալկոհոլի ու ծխախոտի շարքին, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով RTL-ին:
Իր հայտարարությունը Դյուֆլոն արել է հունիսի 10-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին ընդառաջ: Նախարարի կարծիքով` մարիխուանայի օրինականացումը կհանգեցնի բռնությունների նվազման ու նարկոթրաֆիկի կրճատմանը, ինչպես նաև կամրացնի առողջապահության պետական քաղաքականությունը:
RTL-ի հաղորդմամբ` նախարարի առաջարկը կարող է կառավարության պառակտման հանգեցնել: Վարչապետ Ժան-Մարկ Էրոն հայտնել է, որ դա Դյուֆլոյի անձնական կարծիքն է, որը կապ չունի կառավարության դիրքորոշման հետ: Ներքին գործերի նախարար Մանուել Վալսն էլ ընդգծել է, որ կտրականապես դեմ է օրենսդրության յուրաքանչյուր թուլացմանը:









