ԱՄՆ Պետքարտուղարը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը

10:25 • 06.06.12

Տարածաշրջանային այցի շրջանակում այսօր Բաքու ժամանող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:


Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, Քլինթոնը հանդիպում կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

Ենթադրվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի նաև երկու երկրների միջև համագործակցությունը, այդ թվում` էներգետիկ ոլորտում: Միացյալ Նահանգները, Եվրամիությանը զուգահեռ, աջակցում է Հարավային էներգետիկ միջանցքի նախագծին, որով կասպյան տարածաշրջանից վառելիք կմատակարարվի Եվրոպա: Արևմուտքը հետաքրքրված է նաև «Նաբուկո» նախագծով, սակայն Բաքուն հայտարարել է, որ նախագծի իրականացման հստակ պատասխան կարող է տալ 2013-ին:

 

Ըստ դիվանագիտական աղբյուրների` կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը, քանի որ ԱՄՆ-ը համանախագահում է հարցի միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում:  Բացի այդ, ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը կբարձրացնի նաև շփման գծում լարվածության հարցը:


Հանդիպմանը կքննարկվի նաև Իրանի, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին Բաքվի մասնակցության հարցերը: