Թուրքիան 6 նոր ռազմանավ կունենա

04:23 • 06.06.12

Թուրքիան մոտ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսելու MILGEM նախագծի 6 կորվետների շինարարության վրա, հաղորդում է Hurriyet Daily News-ը:


MILGEM ծրագիրը մեկնարկել է 1996թ., դրա նպատակն է նվազեցնել Անկարայի կախվածությունն օտարերկրյա ռազմական արդյունաբերությունից: Մոտ 3 մլրդ դոլար գնահատվող ծրագրով նախատեսվում էր 8 կորվետի կառուցում:
 

«Հեյբելիադա» նախագծի առաջին նավը սպառազինության տակ դրվեց 2011թ. սեպտեմբերի 27-ին: Նույն ժամանակ մարտական հերթապահության անցավ նույն տիպի նաև երկրորդ նավը, որը «Բյուքադա» անվանումն է ստացել:
 

MILGEM նախագծի կորվետները նախատեսված են հետախուզական առաքելությունների, թիրախներ հայտնաբերելու, բազաների պաշտպանության, հակասուզանավային գործողությունների, հակաօդային պաշտպանության ապահովման և պարեկության համար:


Նավերը 99 մետր երկարություն և 2,3 հազար տոնա զանգված ունեն: 29 հանգույց արագություն են զարգացնում և 10 օր ավտոնոմ նավարկության հնարավորություն ունեն:


MILGEM-ների սպառազինությունը բաղկացած է տարբեր ռադիոտեղորոշման կայաններից և ռադիոէլեկտրոնային հակազդեցության միջոցներից, 76 մմ տրանաչափի թնդանոթից, երկու 12.7 մմ տրամաչափի գնդացիրներից, 8 հատ Harpoon տեսակի թևավոր հրթիռներից, ինչպես նաև RIM-116A և RIM-162 ESSM զենիթային հրթիռների մեկնարկային կայանից: Բացի այդ, նավերի վրա առկա է 324 մմ տրամաչափի տորպեդային սարքավորումը:



Կորվետների օդային խմբավորումը բաղկացած է մեկ հակասուզանավային ուղղաթիռից: Նաև նավերի տախտակամածին կարող են մի քանի անօդաչուներ տեղակայվել: