Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ճապոնիայի փոխվարչապետին

10:09 • 06.06.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ Կացույա Օկադայի (Katsuya Okada) հետ:


Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև հաստատված դինամիկ համագործակցությունը և համոզմունք հայտնելով, որ ՀՀ նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:


Փոխվարչապետ Օկադան և նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել են, որ 2009 թ. իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:


Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար:


Հանդիպման օրակարգում էին նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: