Եգիպտոսի կուսակցություններին 48 ժամ է տրվել Սահմանադրական հանձնաժողով ձևավորելու համար

11:51 • 06.06.12

Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհուրդը քաղաքական կուսակցություններին 2 օր ժամանակ է տվել` Սահմանադրական հանձնաժողովի ձևավորման սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, որը պետք է զբաղվի նոր Սահմանադրության մշակմամբ: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին` Կահիրեում Խորհրդի և 18 կուսակցությունների հանդիպումից հետո:

 

Պատգամավորի խոսքով, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի համաձայնության գալ, ապա «զինվորականները կընդունեն նոր Սահմանադրական հռչակագիրը մինչ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (հունիսի 16-17)»:


Հանդիպմանը քաղաքական գործիչները դեմ են արտահայտվել զինվորականների` նոր հռչակագիր հրապարակելու նախաձեռնությանը, որում պետք է ավելացվեն նոր նախագահի լիազորությունների ու մայր օրենքի մշակման հանձնաժողովի ստեղծման սկզբունքների կետերը:


Խորհրդակցությունն անտեսել է «Մուսուլման եղբայրներ»-ի հետ սերտորեն կապված «Արդարության ու ազատության» կուսակցությունը: Ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ մինչ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Սահմանադրական նոր հռչակագրի հրապարակման անհրաժեշտություն չկա, քանի որ «անցումային շրջանն ավարտվում է», և զինվորականներն իշխանությունը պետք է շուտով փոխանցեն նոր նախագահին:

 

Զինվորականների հետ հանդիպման ընթացքում կուսակցությունները պայմանավորվել են հանձնաժողովի ձևավորման շուրջ պայմանավորվածության գալ ու բանակցություններ վարել «Արդարություն ու ազատություն» կուսակցության հետ, որպեսզի համատեղ որոշումն այնուհետ փոխանցվի խորհրդարանի հաստատմանը:


Զինվորական խորհուրդը հաստատել է, որ անկախ այն բանից` կհաջողվի հանձնաժողով ստեղծել, թե ոչ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ծրագրված ժամկետում` հունիսի 16-17-ին: Ընտրությանը կմասնակցեն նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման թեկնածու Մուհամեդ Մուրսին: