Սոչիում բժիշկները հայ տղամարդուն հիվանդանոցից վտարել են ու թողել կանգառում անօգնական վիճակում

17:03 • 06.06.12

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրություն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել Սոչի քաղաքի Խոստ թաղամասից, որոնց համաձայն` թաղամասի կանգառներից մեկում մի քանի օր է ծեր ու հիվանդ մարդ է ապրում` Լևոն Հակոբյանը: Թերթը հայտնում է, որ գումար չունենալու պատճառով քաղաքային հիվանդանոցի բժիշկներն են տղամարդուն հաշմանդամի սայլակով բերել-թողել կանգառում ու հեռացել` տանելով նաև սայլակը:


Զանգահարողներին հայտնի չի եղել, թե ինչու է Հակոբյանը հայտնվել հիվանդանոցում, նրանց միայն հայտնի է, որ տղամարդու ոտքերը չեն ենթարկվում նրան, և նա չի կարողանում քայլել:

 

«Մեզ արդեն ոչնչով չես զարմացնի, ուղղակի հարց է առաջանում` որտե՞ղ ենք մենք ապրում, քարանձավներո՞ւմ»,- գրում է թերթը` հավելելով, որ տղամարդուն գթացող ու կերակրող մարդիկ էլ ստիպված են լսել իրենց հասցեին` «Ձեր ինչի՞ն է պետք» արտահայտությունը:

 

«Ո՞ւր են տեղի վարչակազմի աշխատակիցները, ո՞ւր են «գթության» քույրերն ու եղբայրները, որոնք հաշմանդամին թողել են մեռնելու: Այս մարդը ձեռքերի վրա սողում է կանգառի ետնամասը կարիքը հոգալու համար»,- գրում է «Երկրամաս»-ը` հավելելով. «Խոստում չկա՞ հայկական համայնք: Կա: Խոստում չկա՞ն հայ պատգամավորներ: Կան»:

 

Թերթը հայտնում է, որ տղամարդը 2 հասցե է հայտնել, որտեղ նրան կարող էին ընդունել: Մի հասցեով հայտնաբերվել է նրա քաղաքացիական կինը, ում հետ նա ապրել է վերջին տարիներին, սակայն կինը հրաժարվել է նրան ընդունել` ասելով, որ Հակոբյանն «իրեն պետք չէ»: Իսկ մյուսն էլ նրա որդու տան հասցեն է: Թերթին հաջողվել է տրված հասցեով գտնել Հակոբյանի նախկին կնոջը, որից նա ունի 2 դուստր: Կինը տեղեկացրել է, որ Լևոն Հակոբյանը որդի ունեցել է առաջին կնոջից, ում հետ ապրել է Խանլարում (ներկայիս Ադրբեջան), և հայտնել, որ նրա որդին արդեն կենդանի չէ:

 

Թերթը հուսով է, որ թաղապետարանը, հայ համայնքը կամ հիվանդանոցի ղեկավարությունը մարդկային մոտեցում կցուցաբերեն անօթևան տղամարդու հանդեպ: