ԱԺ նախագահը ընդունել է «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին

17:24 • 06.06.12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի Ամբերին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Թիերի Ամբերը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները:

 

Մասնավորապես, այն 2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25 երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները ջրային հիմնախնդիրներին նվիրված ամենատարբեր հարցեր են բարձրացնում և քննարկում` իրենց եզրակացությունները ներկայացնելով խորհրդարաններին, կառավարություններին, պատկան մարմիններին:

 

Թիերի Ամբերը նշել է, որ հետաքրքրված են նաև այդ աշխատանքներին ԱՊՀ երկրների երիտասարդների մասնակցությամբ: Նրա խոսքով` Հայաստանում ձևավորված է ջրի կառավարման հաջողված համակարգ, և հետաքրքիր կլինի օրինակելի այդ փորձը ներկայացնել եվրոպական երկրներին:

 

Մինչ այս տեղի է ունեցել երիտասարդ խորհրդարանականների 10 հավաք: Հաջորդը նախատեսվում է անցկացնել 2013 թվականի մայիսին, և հյուընկալող երկրների թեկնածուների թվում Շվեյցարիայի ու Լատվիայի հետ միասին ներկայացված է նաև Հայաստանը:

 

Վերջնական որոշումը ՀՀ-ի օգտին կայացնելու դեպքում, Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանը գալիք տարի Հայաստան կբերի 85 երիտասարդների եվրոպական բոլոր երկրներից:

 

Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը` ԱԺ նախագահը նշել է, որ այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարևորագույն հիմնախնդիրներց մեկն է: Արձանագրելով, որ Հայաստանում առկա զգալի ջրային պաշարների ոչ մեծ մասն է օգտագործվում, պարոն Աբրահամյանը նկատեց, որ, այդուհանդերձ, կա ակնհայտ առաջընթաց կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ:

 

Խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու կազմակերպության աշխատանքներին, և Հայաստանը հաղթող ճանաչվելու պարագայում երիտասարդները ոչ միայն հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ-ում ներդրված ջրային կառավարման մեխանիզմներին, այլև մեր երկրի հարուստ պատմությանն ու մշակույթին:

 

«Երիտասարդները ապագայի շարժիչ ուժն են, և կարևոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների քննարկմանն ու լուծումների որոնմանը»,- նշել է պարոն Աբրահամյանը: