Քլինթոնը Հայաստանի ու Վրաստանի նախագահների հետ քննարկել է Իրանի խնդիրը. քաղաքագետ

16:54 • 06.06.12

ԱՄՆ Պետքարտուղարի` Հարավային Կովկաս այցը վերջինն է, համենայնդեպս` այս պաշտոնում, քանի որ Միացյալ Նահանգներում սպասվում են նախագահական ընտրություններ, և դեռ պարզ չէ, թե ով կդառնա Պետքարտուղար: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
 

Ըստ նրա` յուրաքանչյուր երկիր ունի խնդիրների առանձին ցանկ, որոնք քննարկման կարիք ունեն: Իսկանդարյանի խոսքով` Վրաստանում Քլինթոնը երեք անգամ հայտարարեց, որ այդ երկրի գերխնդիրը Ռուսաստանը չէ, այլ, թե ինչպես կանցկացվեն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այսինքն` գերխնդիրը ժողովրդավարացումն է:

 

«Նման մի բան էլ տեղի ունեցավ Հայաստանում: Տիկին Քլինթոնն արտահայտեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ վերաբերմունքը, և այսպես ասած` «շոյեց Հայաստանի գլուխը»` ասելով, որ պետք չէ կանգնել և պետք է շարունակել ժողովրդավարական զարգացումը»,- ասաց նա:


«Ես, իհարկե, վստահ եմ, որ և’ այստեղ, և’ այնտեղ խոսվել է Իրանի մասին, սակայն մամուլի ձեռքը գործնականում ոչինչ չընկավ: Ակնհայտ է, որ տիկին Քլինթոնն ինչ-որ կերպով տեղեկացրել է Վրաստանի ու Հայաստանի նախագահներին` Իրանի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասին: Այս առումով մենք շատ տարբեր երկրներ ենք»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ Հայաստանն Իրանի հետ, չնայած սահմանի առկայությանն ու մեծ ընտրության բացակայությանը, ունի բավականին բարիդրացիական հարաբերություններ, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ի համար գոյություն ունեն կարմիր թելեր, որոնք անցնել Իրանի հետ հարաբերություններում չի կարելի:

Նրա կարծիքով` Ադրբեջանում, սակայն, ամեն ինչ այլ կլինի, քանի որ Իրանի ու Բաքվի հարաբերություններն այդքան էլ բարենպաստ չեն: «Ադրբեջանը բոլոր ուժերով ու իր հռետորաբանությամբ փորձում է ցուցադրել Իրանի հետ վատ հարաբերությունները: Սա, իհարկե, ամերիկացիներին ուղղված խաղ է: Հավանաբար, այնտեղ կարվեն Ադրբեջանի անվտանգության ինչ-որ երաշխիքներ` յուրաքանչյուր զարգացման դեպքում»,- հայտնեց քաղաքագետը:


Բացի այդ, ըստ Իսկանդարյանի, անկասկած, կխոսվի երկրի ներքին քաղաքականության մասին:

 

«Այս երկրում իրավիճակը կտրուկ տարբերվում է Վրաստանում ու Հայաստանում տիրող իրավիճակից` վատ իմաստով: Ես ի նկատի ունեմ ընդդիմության, խոսքի ազատության և ժողովրդավարական մեխանիզմների հետ կապված իրավիճակը, կամ առավել հստակ` ժողովրդավարական մեխանիզմների բացակայությունը: Իսկ մյուս կողմից, դա նավթային ու գազային ծրագիրն է, որը կարևոր է Արևմուտքի համար: Այդ իսկ պատճառով կասկած չկա, որ տիկին Քլինթոնը դժգոհություն կհայտնի»,- ասաց նա: