Սիրիայում ճակատամարտ է սկսվել խոշոր նավահանգստի համար
Սիրիայի կառավարական զորքերը և ապստամբ գրոհայինները արյունահեղ մարտեր են մղում Միջերկրական ծովի ափին գտնվող Լատակիա քաղաքի մերձակայքում, հաղորդում է The Guardian պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով, քաղաքում շարունակվում է հրետակոծությունը, որի հետևանքով արդեն 8 մարդ է զոհվել: Լատակիայի մերձակայքում կառավարական զորքերը ապստամբների դեմ օդուժ, հրետանի և տանկեր են կիրառում:
Քաղաքի հետ ցամաքային հաղորդակցությունը փակ է, ընդդիմադիրները բողոքում են, որ Ասադի զորքերը այրում են Լատակիայի ձիթենու այգիները, որոնցում թաքնվում են ապստամբները:
Reuters-ի տվյալներով, խոշոր նավահանգստային քաղաքի մոտ մարտերը շարունակվում են 2 օր անընդհատ: Այդ բախումները ամենազանգվածայինն են հակակառավարական ապստամբության ողջ ընթացքում:
Լատակիա քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի, այնտեղ գտնվող խոշոր նավահանգիստը, որով հնարավոր է խոշոր խմբաքանակով ռազմական, ինչպես նաև այլ նշանակության բեռներ ստանալ: Բացի այդ, այն մոտ է Թուրքիայի սահմանին, որտեղից ապստամբները օտարերկրյա օգնություն են ստանում:









