Հուշագիր՝ գյուղնախարարության և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների միջև

18:39 • 06.06.12

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության է հրավիրել կաթնամթերքի արտադրության ոլորտի 3 տասնյակից ավելի ձեռնարկությունների ղեկավարների՝ քննարկելու ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը և, ըստ ամենայնի, հասնելու փոխձեռնտու պայմանավորվածությունների մթնոլորտի ձևավորմանը կաթ արտադրողների և վերամշակողների միջև:


Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ անդրադառնալով զարգացած երկրների փորձով մեզանում նույնպես ըստ ոլորտների արտադրողների և վերամշակողների միությունների ստեղծման անհրաժեշտությանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ դրանով պետությունը ոչ թե միջամտում, այլ համակարգում է տնտեսական հարաբերությունները, հնարավորինս նպաստելով երկու կողմերի շահերի պաշտպանությանը:


Անասնաբուծության ոլորտի համար նա որոշակիորեն առանձնացրել է կաթ արտադրողների և կաթ վերամշակողների միությունների ստեղծման կարևորությունը:


«Վերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի, և ավելի քան 57 հազարով՝ մանր եղջերավորների գլխաքանակը: Բնականաբար, զգալիորեն ավելացել են կաթի արտադրության ծավալները»,– ասել է նա:


«Եվ քանի որ զարգացման միտումները հիմնավոր և շարունակվող են, իսկ այսօր արդեն դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում ոլորտում՝ կապված գների, իրացման և նաև որակի հետ, ուստի հասունացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Մանավանդ, որ հիմնական գլխաքանակը մանր տնտեսություններում է, իսկ հիշատակված խնդիրների լուծմանը համակարգված մոտեցում է պետք, որ հնարավոր է միայն տնտեսությունների խոշորացման պարագայում»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:


Այնուհետ, ստորագրվել է «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների միջև անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության ոլորտների բնականոն համագործակցությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ» հուշագիրը, որը նախարարի պաշտոնակատարը համարել է հեռանկարային փաստաթուղթ առաջիկա 4-5 տարիների համար:


Ստորագրելով հուշագիրը, մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել փաստաթղթի ստեղծման առիթով, վստահեցնելով, որ այն իրոք կնպաստի պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը: