Թուրքիան Հայաստանի նախագահին և արտգործնախարարին Ստամբուլ է հրավիրել. Zaman
Թուրքիան, որ շուտով կստանձնի Սևծովյան տնտեսական համագործակցության ղեկավարությունը, հունիսի 26-ին Ստամբուլում կայանալիք արտգործնախարարների հավաքին հրավիրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Թուրքական Zaman-ը տեղեկացնում է, որ պաշտոնական Անկարան հայկական կողմին հրավերն արդեն ուղարկել է և սպասում է արձագանքին և դրական պատասխանի ակնկալիք ունի:
Պարբերականը հիշեցրել է նաև, որ ՍԾՏՀ Հայաստանում կայացած գագաթնաժողովին Թուրքիան մասնակցել էր արտգործնախարարի մակարդակով: Թուրք պաշտոնյաները հույս են հայտնել, որ Հայաստանը չի մերժի հրավերը և համաժողովին կմասնակցի գոնե արտործնախարարի մակարդակով:
Այս տարի Թուրքիայում նշվելու է կառույցի հիմնադրման 20-ամյակը: Մասնակցության հրավեր ուղարկվել է կառույցի անդամ բոլոր երկրների նախագահներին և արտգործնախարարներին:
ՍԾՏՀ գագաթնաժողովին ընդառաջ տարածաշրջանի երկրներ է այցելել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով վաղը կլինի Թուրքիայում: Նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:









