ՆԱՏՕ-ն Կենտրոնական Ասիայի ճանապարհներից օգտվելու հնարավորություն է ստացել.НГ

13:45 • 06.06.12

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ղրղըզստանի հետ նոր համաձայնագրերի կնքման մասին` Աֆղանստանից 2014թ.-ին բեռնափոխադրման ու ռազմական տեխնիկայի դուրսբերման վերաբերյալ:

 

«Եթե նախկին համաձայնագրերը ենթադրում էին միայն ավիափոխադրում, ապա նոր փաստաթղթերը ցամաքային նոր երթուղիներ են բացում դաշինքի առաջ: Փոխարենը, Կենտրոնական Ասիայի երկրները ցանկանում են ՆԱՏՕ-ից ռազմական, քաղաքական ու տնտեսական օգնություն ստանալ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:


 

Ռասմուսենի խոսքով` այսուհետ Դաշինքը կարող է անարգել դուրս բերել բեռներ Աֆղանստանից` շրջանցելով Պակիստանը:

 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի և Իսլամաբադի միջև հարաբերությունները լարվել էին ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետևանքով, երբ սխալմամբ ռմբակոծվել էր պակիստանցի սահմանապահների ճամբարը, ինչից հետո Դաշինքը ստիպված դիմել է կենտրոնասիական երկրների օգնությանը:


Կենտրոնական Ասիայում ընթանում են Աֆղանստանից զորքի դուրս բերման նախապատրաստական աշխատանքներ:

 

«Եվ այն ուղղված է ոչ այնքան Կենտրոնական Ասիայի երկրներում անվտանգության ամրապնդմանը, որքան առավելագույն շահույթ ստանալ ստեղծված իրավիճակից: Բոլորը ցանկանում են այս առիթն օգտագործելով` լրացուցիչ միջոցներ ստանալ դաշինքի երկրներից»,- թերթին տված հարցազրույցում ասել է Տաջիկստանի Իսլամական վերածննդի կուսակցության առաջնորդ Մուհիդին Կաբիրին: