Սաակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր է նվիրել
Տարածաշրջանային այցի շրջանակում Վրաստանում գտնվող Միացյալ Նահանգների Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վրացական անձնագիր է ստացել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Արդարադատության նոր շենքի պայմաններին ծանոթանալուց հետո, Սաակաշվիլին Քլինթոնին է հանձնել անձնագիրը, որը նա երախտագիտությամբ է ընդունել:
ԱՄՆ Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և կոչ արել Ռուսաստանին «դադարեցնել վրացական տարածքների օկուպացիան ու ռազմականացումը»:
Նրա խոսքով` հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով` աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին կհրահանգվի իրական համարել այսպես կոչված` «ստատուս- չեզոք» անձնագրերը, որոնց հիման վրա Աբխազիայի ու Հարավային Օսիայի երիտասարդները կարող են ուսանել ամերիկյան լավագույն բուհերում:
«Այսօր ավելի շատ վրացիներ են մեկնում ԱՄՆ և ավելի շատ ամերիկացիներ են անգլերեն դասավանդում վրացիներին»,- ասել է Սաակաշվիլին:
Քլինթոնը հանդիպում է ունեցել վրացական ընդդիմության հետ` վստահեցնելով, որ ԱՄՆ-ն ուշադիր կհետևի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին:
Այսօր ԱՄՆ Պետքարտուղարը կմեկնի Ադրբեջան:









