ՊԵԿ–ում ներդրվել է ռիսկի չափման համակարգ

17:34 • 06.06.12

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի նոր փոփոխություններով պայմանավորված` էապես ընդլայնվել է օպերատիվ հետախուզության վարչության գործառույթը, այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Ըստ ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդագրության՝ ռիսկի չափման համակարգի ներդրման արդյունքում վարչության գործունեությունը համալրվել է օպերատիվ-հետախուզական նոր գործառույթներով` փոխակերպվելով անվանը համահունչ գործունեություն իրականացնող մարմնի:

 

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների արդյունքում ամբողջովին փոխվել է Օպերատիվ հետախուզության վարչության գործելաոճը` նոր դերակատարություն ստանձնելով ստուգումների գործընթացում:

 

Վարչության 8-րդ բաժինը, որ զբաղվում է բացառապես խոշոր բիզնեսի վերահսկողությամբ, օպերատիվ-հետախուզական նոր գործիքներով հետևողական հսկողություն է իրականացնում հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ:

 

«Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումից հետո մեր բաժինը մշտական լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում առանց հաշիվ-ապրանքագրերի ապրանքների տեղափոխման և առաքման դեպքերը բացահայտելու և կանխարգելելու ուղղությամբ»,– ասել է ՊԵԿ ՕՀՎ 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանը ընդգծել է:

 

«Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում առանց հաշիվ-ապրանքագրերի տեղափոխման և առաքման 35 դեպք է բացահայտվել, որի ժամանակ մեր կողմից կազմվել են վարչական ակտեր շուրջ 45 միլիոն դրամի չափով»,– ավելացրել է նա: