Այսօր ռուսաց լեզվի տոնն է

14:07 • 06.06.12

Այսօր ռուսաց լեզվի տոնն է, որը կապված է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվա հետ: Այս առիթով ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այժմ ռուսերենի դերը մեծ է մեր կյանքում, քանի որ մեր ժողովուրդը երկար տարիներ շփում է ունեցել այս լեզվի հետ:

 

«Որպես երկրորդ լեզու այն անհրաժեշտ է մեր կյանքում: Պետք է հանել լեզուների մրցակցության հարցը, թե որն է երկրորդը կամ երրորդը, սա պետք է, նա պետք չէ: Բոլորն էլ պետք են: Բայց կան տրադիցիաներ, ինչու կորցնենք ու տապալենք այն ինչ երկար տարիներ ունեցել ենք, եկեք ավելացնենք ևս մեկը»,-ասաց նա:

 

Մասնագետը նշեց, որ այսօր միևնույնն է մարդկանց մեծամասնությունը ավելի շատ ռուսերեն գիտի, քան անգլերեն:

 

«Հաճախ, երբ ասում են անգլերեն գիտեմ, դա տեստային մակարդակով է միայն»,-ասաց նա:

 

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկանը այն երևույթին, որ ռուսական դպրոցներն ընդունում են միայն այն երեխաներին, որոնց ծնողներից գոնե մեկը Ռուսաստանի քաղաքացի է, նա պատասխանեց.

 

«Հայաստանում պետք է լինի ազգային դպրոց, բայց դպրոցի մակարդակը պետք է բարձրացնել և լեզուների վրա մեծ ուշադրություն դարձնել, հնարավոր չէ որևէ լեզու շաբաթը երեք անգամ պարապելով, սովորել: Մենք մեծացնում ենք անլեզու սերունդ»,-ասաց նա:

 

Պարոն Բալայանն իր տեսակետը հայտնեց նաև տարրական դասարանների ռուսաց լեզվի դասագրքերի մասին՝ ասելով, որ դրանց մեջ կան և լավ գրքեր և վատ:

 

«Կան գրքեր, որ չեն հաղթել մրցույթում, բայց շարունակում են դպրոցներում դասավանդել այդ դասագրքերով: Շատ լավն են այն դասագրեքերը, որոնց վրա կա Կրթության և գիտության նախարարության երաշխավորական կնիքը»,-ասաց նա: