«Բետոնե սալիկի ընկնելու հետևանքով» 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել

13:37 • 06.06.12

Հունիսի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Ադրբեջանի զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով երկու զինծառայող է մահացել, մեկը` վիրավորվել, հայտնում է ANS TV-ն: Ըստ լրատվամիջոցի` շինարարության վրա աշխատող զինծառայողները մահացել են «բետոնե սալիկի ընկնելու հետևանքով», հիվանդանոցի ճանապարհին:


Սակայն համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին` Տավուշ-Ղազախ հատվածում, զոհվել է 21 ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 8 զոհի մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` 5 զինծառայող զոհվել է հայկական կողմի ձեռնարկած գործողության, 2-ը` բետոնե սալիկի ընկնելու հետևանքով, իսկ մեկ զինծառայող էլ մահացու հրազենային վիրավորում է ստացել (չի նշվում` որտեղ):

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը` վկայակոչելով սեփական աղբյուրների, հայտնել է, որ հայկական կողմի գործողությունների հետևանքով հունիսի 5-ին զոհվել է 14 ադրբեջանցի: Նրանցից 10-ը զոհվել են հունիսի 5-ի գիշերը, Ոսկեպար գյուղի մոտակայքում` Հայաստան ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ, ևս 4-ը` ոչնչացվել են այլ հատվածում:


ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն` վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է 3 հայ զինծառայող, 6-ը` վիրավորվել: