Յուվեցի Կարոն տուգանվել է և տեղադրել ԱՊՊԱ կտրոնը (լուսանկարներ, տեսանյութ)

21:16 • 06.06.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) նկատմամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարչական արձանագրություն և վերջինս տուգանվել է 10.000 դրամ, իսկ պատգամավորի վարած «Մերսեդես Ջի550» մակնիշի (Յաշիկ) ավտոմեքենայի դիմապակուն արդեն իսկ փակցվել է ԱՊՊԱ կտրոնը:


«ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարչական արձանագրություն, մեքենայի վարորդը տուգանվել է 10.000 դրամ, իսկ նշված մեքենայի դիմապակուն արդեն իսկ փակցվել է ԱՊՊԱ կտրոնը»,-Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


Հիշեցնենք, որ 44 ԼԼ 444 համարանիշի «Մերսեդես» ավտոմեքենայով պտտվող ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը, մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ոչ ադեկվատ էր դրսևորել իրեն:


«Դու ո՞վ ես, արա»: Այսպես էր մայիսի 30-ին վերջինս դիմել Tert.am-ի լրագրողին, երբ թղթակիցը ցանկացել էր պատգամավորից իմանալ, թե ինչ ծրագրերով է նա գնում խորհրդարան: Լրագրողը փորձել էր բացատրել, որ այդպես չի կարելի խոսել, ինչին ի պատասխան Կարո Կարապետյանն ասել էր. «Փագի (նկատի ուներ տեսախցիկն անջատելը – Tert.am), դավայ։ Ասիմ՝ անջատի, արա։ Ուզում ես Օբամանի բարեկամն էղի, լավ եմ անում, ու էդի անջատի»:


Նշենք նաև, որ այսօր Երևան քաղաքում Tert.am-ի տեսախցիկն արձանագրել է ևս մեկ մեքենա, որը առանց ԱՊՊԱ կտրոնի է շրջում: 444 UU 44 պետհամարանիշով «ԲՄՎ Իքս 6»:


Թե այս նշված համարանիշներով ավտոմեքենան ինչ կապ ունի Կարո Կարապետյանի հետ, դժվար է ասել, բայց թերևս արժե, որ Ոստիկանությունը ուշադրություն դարձնի այս հանգամանքին: