Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը հետ է շպրտվել. հայկական կողմը տվել է մեկ զոհ
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ, այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր:
Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմին հասցվել է նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը:
Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ, ըստ հաղորդագրության, զոհվել է կրտսեր սերժանտՎարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը և Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:
«Ադրբեջանի ղեկավարությունը և, մասնավորապես, նրա զինված ուժերի հրամանատարությունը, կարծես,այդպես էլ չեն գիտակցում, որ իրենց ընտրած նախահարձակ մարտավարությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև շարունակելու դեպքում կարող է բերել Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Tert.am-ի թղթակցին չհաջողվեց կապ հաստատել ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Հայաստանի հյուսիս–արևելքում տեղակայված սահմանապահ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման հետևանքով, հայկական զինված ուժերը ունեցել էին 3 զոհ և 6 վիրավոր: Հենց նույն օրը Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել էր սահմանային միջադեպը:
Հունիսի 5-ի առավոտյան ադրբեջանցիները նոր փորձ էին ձեռնարկել: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը 5 զոհ և բազմաթիվ վիրավորներ թողնելով նահանջել էր:









