Մարմարաշենի ճանապարհին «Օպել»-ը հարվածել է երկու էլեկտրասյուների, կոտրել դրանցից մեկը և գլխիվայր շրջվել (լուսանկարներ,տեսանյութ)

10:11 • 07.06.12

Այսօր՝ հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06.00-ի սահմաններում Երևանի Բաղյան 16 շենքի բնակիչ 36-ամյա Ալբերտ Վիրաբյանը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 29 ՏՕ 039 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատի խճուղու Մարմարաշեն գյուղի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել երկու էլեկտրասյուների, որոնցից մեկը փայտե, մյուսը՝ երկաթյա, և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց տներից մեկի հողամասում:

 

Վթարի հետևանքով ուղևորը, Արտաշատի բնակիչ 36-ամյա Հայկ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

 

Հարվածի արդյունքում փայտյա էլեկտրասյունը կոտրվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Արայիկ Խաչատրյանն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Շիրակ Խաչատրյանը:

 

Փաստի առթիվ քննիչ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի