Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովը: Այս մասին հայտնում են ԱԱԽ մամլո ծառայությունից: Ավելի քան 60 երկրներից ժամանած պատվիրակների ելույթների և քննարկումների նպատակը եղել է անվտանգության տարբեր ուղղություններով` էներգետիկ անվտանգության, տեղեկատվական անվտանգության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների վերհանումն ու հաղթահարման ուղիների նախանշումը:
«Գլոբալ էներգետիկ անվտանգության հիմնական ուղղությունները և մարտահրավերները» թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով անդրադարձել է Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգության գլոբալ և տարածաշրջանային ասպեկտներին:
ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ որպես տնտեսական կայուն զարգացման երաշխիք, Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս էներգետիկ անվտանգության ապահովմանը, ինչը ենթադրում է էներգետիկ ռեսուրսների և ուղիների դիվերսիֆիկացում, նոր էներգետիկ աղբյուրների ստեղծում, սեփական վերականգնվող էներգառեսուրսների հզորությունների մեծացում և հիդրոէլեկտրակայանների համակարգի զարգացում:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է միջազգային համագործակցությունն այս ոլորտում` նշելով, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ արդեն իսկ ընթացքի մեջ են մի շարք երկկողմ էներգետիկ նախագծեր: Նա հնարավոր է համարել համագործակցության ծավալների ավելացումը ԵՄ-ի և ԵՄ անդամ առանձին երկրների հետ:
«Վաշինգտոնյան գագաթնաժողովում մեծ նշանակություն տրվեց միջազգային համագործակցությանը միջուկային էներգետիկայի բնագավառում, և այսօր Հայաստանը արդյունավետորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարի համոզմամբ, անկախ ներկրող կամ արտահանող լինելու հանգամանքից, հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներն էլ պետք է շահագրգիռ լինեն էներգետիկայի բնագավառում կանխատեսելիությամբ: Ինչպես նաև կարևորել է կայունությունն էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև ընդգծել է քաղաքական նպատակներով տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանը շրջանցելուն ուղղված գործողությունների անընդունելիությունը:
Այս առումով անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիարժեքորեն ներգրավվեն Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության համակարգի կազմավորման գործընթացում, որտեղ պետք է հաշվի առնվեն բոլոր երկրների շահերը, իսկ միջազգային հանրությունը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի այս խնդիրներին:
Համաժողովի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվշանքար Մենոնի, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի, Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:









