Ցունամիի հարվածից ճապոնական 165-տոննայանոց նավամատույցը հասել է ԱՄՆ-ի ափերին

12:23 • 07.06.12

Միացյալ Նահանգների արևմտյան ափերին է հասել 2011թ.-ին ցունամիի հարվածի հետևանքով ճապոնական նավահանգստից պոկված շարժական նավամատույցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 165-տոննայանոց ու 20 մ երկարությամբ նավամատույցը Խաղաղ օվկիանոսով անցել է 8 հազ կմ ճանապարհ և 15 ամիս տևած «ճամփորդության» արդյունքում հայտնվել Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ափերին:


Օրեգոնում Ճապոնիայի հյուպատոսության ներկայացուցիչը հայտնել է, որ նավամատույցին ամրացված ցուցատախտակից պարզ է դարձել, որ այն Ճապոնիայի հյուսիսում գտնվող Միսավա ձկնորսական նավահանգստից է:

 

Չնայած նախորդ տարվա «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարին, նավամատույցի ճառագայթման ֆոնը նորմայի սահմաններում է: Սակայն գիտնականները մտավախություն ունեն, որ դրա վրա կարող են մնացած լինել Ճապոնիայից հասած միկրոորգանիզմներ ու ջրիմուռներ:

 

Նախորդ տարվա ցունամիի հարվածից Միսավա նավահանգիստը զրկվել է 4 շարժական նավամատույցներից, որոնցից երկուսը մինչ այսօր հայտնաբերված չեն: