Անտառային հրդեհների դեպքերն աճել են վերջին չորս տարիների ընթացքում

18:45 • 07.06.12

Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի անտառներում հրդեհների թիվն աճել է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Պետրոսյանը:

 

Վերջինս նշեց, որ եթե նախկինում հրդեհները հիմնականում տեղի էին ունենում հանրապետության հարավային շրջաններում, ապա այժմ և՛ արևելքում, և՛ արևմուտքում կարող ենք ականատես լինել հրդեհների:

 

«Ստեղծվել են արագ արձագանքման երեք խմբեր` հրդեհները կանխելու համար, այդ միջոցառումները տվել և տալիս են դրական արդյունք»,-ասաց Ռուբեն Պետրոսյանը:

 

«Հայաստանի անատառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանն էլ նշեց, որ հրդեհները շատ լուրջ խնդիրներ են ստեղծում, դրանք կարող են անտառային հսկայական հատվածների վերացման պատճառ դառնալ:

 

«Օրենսդրական խնդիրներ նույնպես ունենք, օրենքում գրված չէ, թե ո՞ր տարածքի համար ո՞ր մարմիններն են պատասխանատու: Օրենսդրորեն իրավունքները բաշխված չեն»,-նկատեց Նազելի Վարդանյանը:


Վերջինս նշեց նաև, որ հրդեհների կանխարգելումն առաջնային խնդիր է, մինչդեռ այս հարցում կաղում ենք թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական միջոցների առումով:


Նշենք նաև, որ այս տարի արդեն իսկ այրվել է 146 հա անտառային տարածք, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել է 473 հա: