Ընտրություններից հետո երկնիշ գնաճ են արձանագրել… կանացի շրջազգեստը, բողկն ու կանաչ լոբին

17:40 • 07.06.12

Մայիս ամսին Հայաստանյան 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով 148–ի գները ապրիլ ամսվա համեմատ մնացել են ամփոփոխ, 203-ի դեպքում արձանագրվել է գնաճ, իսկ մնացածների դեպքում առկա է գնանկում: Տվյալներն Ազգային վիճակագրական ծառայության գների միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանինն են, ով առավել շեշտադրված անդրադարձ կատարեց մայիս ամսվա ցուցանիշներին: Նա հանգամանալից անդրադարձ կատարեց նաև լրագրողների հարցին, թե արդյո՞ք մայիսի 6-ի ընտրություններից հետո արձանագրվել է գների աճ:

 

Գուրգեն Մարտիրոսյանը նշեց, որ գնաճ արձանագրած 152 ապրանք-ծառայությունների դեպքում գրանցվել է գնաճ մինչև 1 տոկոսի սահմաններում, մինչև 10 տոկոսի սահմաններում գնաճ արձանագրվել է 48-ի, իսկ 10-ից բարձր գնաճ սահմանվել է ընդամենը 3 ապրանքների գծով: Դրանք են՝ կանացի շրջազգեստը, բողկն ու կանաչ լոբին:

 

Ազգային վիճակագրական ծառայության միջագային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ առանձին ապրանքների գծով`ինչպիսին, օրինակ, հացամթերքն է, գները մնացել են անփոփոխ: Մսամթերքը, ձկնամթերքը աննշան նվազել են, իսկ կաթնամթերքինը իջել է 2.2%: Ըստ վիճակագրության, նվազել է նաև ձվի գինը՝ 2 տոկոսով, շաքարավազինը՝ 1, 2: Առավել խորը գնանկում արձանագրել են «բանջարեղեն» և «կարտոֆիլ» ապրանքային խմբերը՝ 15,5 %-ով: Իսկ աննշան գնաճ, ըստ Գուրգեն Մարտիրոսյանի, նկատվել է չորս ապրանքային խմբերում՝ սուրճ, թեյ, կակաո, հրուշակեղեն, ոչ ոգելից և ոգելից խմիչքներ, ծխախոտ:

 

Ոչ պարենային ապրանքների հիմնական թանկացումների մեջ զգալի բաժին են կազմում առողջապահական ծառայությունները: Այսպես, հինգ ամսվա կտրվածքով ԱՎԾ-ի կողմից դիտարկվող 11 անուն դեղորայքից և 14 բուժծառայություններից և սակագներից, դեղամիջոցների գներն աճել են 2,5, իսկ ծառայություններինը՝ 7 տոկոսով:

 

Նշենք, որ այս ծառայությունների մեջ ներառված չէ բժշկական խորհրդատվությունը, որը 5 000 դրամից դարձել է 10 000:

 

 

Այս տարվա մայիսի և 2011–ի դեկտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 0,8%, պարենային ապրանքներինը՝ 0,2% գնաճ, ոչ պարենային ապրանքներինը 1,7, իսկ ծառայությունների սակագներինը՝ 1, 1 տոկոսով: