Դե ասե՛ք, ես ի՞նչ անեմ, ծնող եմ. ինքնահրկիզման փորձ՝ նախագահական նստավայրի դիմաց (տեսանյութ)

20:23 • 07.06.12

Այսօր նախագահական նստավայրի առջև ինքնահրկիզման փորձ է արել Մխիթար անունով մի քաղաքացի, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության աշխատակից: Վերջին հանգամանքի մասին «Գալա» հեռուստաընկերության տեսանյութում ասում է ինքը՝ Մխիթարը, իր քայլը կանխել ցանկացող նախկին գործընկերներին խնդրելով իրեն հանգիստ թողնել:

Տեսանյութից տեղեկանում ենք, որ Մխիթարը ինքնահրկիզման է դիմում աշխատանք չգտնելու պատճառով: «Օդերս լրիվ փակել են, որտեղ դիմում եմ չեն թողնում աշխատանքի ընդունվեմ: Հավելավճարներ չեն տրամադրում, ոչ մի պետական հիմնարկ ինձ աշխատանքի չի ընդունում:Աշխատանքից ազատման զեկուցագիրը, որ տենաք, մի հատ ծիծաղի առարկա է: Ես տասը կետով մեղադրել եմ նախկին վարչության պետին և բոլոր ղեկավարներին կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման, ծառայողական քննություն եմ պահանջել, եթե սխալ եմ նոր ազատեն աշխատանքից»,- ասում է Մխիթարը:

Մխիթարը նաև նշում է, որ ինքը ունի հինգ երեխա, որոնցից մեկը 2 տարեկան հասակից հաշմանդամություն ունի:

«Բոլորդ էլ էրեխեք ունեք: Ես ինչ քայլի գնացել եմ էս էրեխու համար եմ գնացել: Ավել եմ ծառայել, որ էսօր էդ գումարը ստանամ, էրեխուս բուժեմ, ոչ թե իմ փողը ուրիշները ուտեն»,-ասել է նա:
Մխիթարը արցունքներն աչքերին նշում է, որ իր երեխան հենակներով է քայլում և հիվանդության պատճառով այնքան դեղ է խմել, որ աջ աչքը կուրացել է:

«Դե ասե՛ք, ես ի՞նչ անեմ, ծնող եմ»,-ասում է նա:

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանման պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյան Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ լսելով տեղեկատվության մասին իրենք շտապել են դեպքի վայր, որտեղ որոշում են կայացրել քաղաքացու ձեռքի շիշը անմիջապես խլել:

«Մենք հափշտապ որոշում կայացրեցինք և որոշեցինք, որ ավելի լավ է մենք գնանք ռիսկի և ձեռքից խլենք շիշը և հետագայում թեկուզ դրա համար պատասխան տանք, քան վտանգենք մարդու կյանքը: Վերցնելով շիշը պարզեցինք, որ մեջը բենզին է և հասկացանք, որ այդ մարդը փորձում է ինքնահրկիզվել»,-ասաց նա:

Կարեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ինքնահրկիզման փորձ կատարծ անձը այս պահին գտնվում է Երևանի Արաբկիրի ոստիկանության բաժնում: Իսկ թե կատարվածի վերաբերյալ նյութեր նախաօատրաստվում են, թե ոչ, Կարեն Մովսիսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության