ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը

23:39 • 07.06.12

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Ռուսաստանի կողմից ալյանսի սահմաններին ռազմաբազաների թվի ավելացման վերաբերյալ հայտարարությունը:


«Մտավախությունները, որոնք բարձրաձայնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, զուրկ են որևէ հիմնավորումից: Հիմնականում, մեր ընկալմամբ, դրանք թելադրված են որոշ երկրների կողմից «Արևելքի վտանգը» վերակենդանացնելու փորձերով, որը բնորոշ է «սառը պատերազմի» ժամանակաշրջանին», - այսօր հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:


«Ինչպես լավ հայտնի է ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին, վերջին տարիներին ռուսական կողմը, օրինակ, գնացել է ծանր սպառազինության լրջագույն կրճատման Կալինինգրադի մարզում, և ընդհանրապես Եվրոպան «սառը պատերազմի» ժառանգությունից ձերբազատելու ամենամեծ ներդրումն է իրականացրել», - հիշեցրել է Լուկաշևիչը:


Դիվանագետը բացատրել է, որ եթե խոսքը վերաբերում է հնարավոր միջոցառումներին, որոնք նախորդ տարվա նոյեմբերին մատնանշել էր ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը, ապա դրանց իրականացումը կախված է այն բանից, թե ինչպես կիրականացվեն ՆԱՏՕ-ի Եվրոպայում ստեղծվող ՀՀՊ համակարգի ծրագրերը: