Պայթյուն «Մարիաննա» կաթնամթերքի կաթսայատանը. մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո, վիդեո)
Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8.30-ի սահմաններում արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես, դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հաղթանակ 1-ին փողոցի 1/9 հասցեում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները: Այս պահին դեպքի վայրում է նաև Հրշեջ-փրկարար ծառայության պետ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, և Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական ավտանգության Երևան քաղաքի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը, Երևանի հրդեհային տեսչության պետ Արտուշ Հարությունյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված հասցեում է գործում «Մարիաննա» կաթնամթերքի գործարանը: Դեպքը տեղի է ունեցել կաթսայատանը:
Կաթսայատնից «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 55-ամյա Էդիկ Ղազարյանը, ով ըստ բժիշկների ծայրահեղ ծանր վիճակում է: Բարեբախտաբար զոհեր և այլ վիրավորներ չկան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթել է ջերմային կաթսան: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ փորձագետները, և թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններից հետո: Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









