ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում է Տավուշի մարզում

19:16 • 07.06.12

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս պահին գտնվում է Տավուշի մարզում, որտեղ վերջին օրերին որոշակի լարվածություն է նկատվում սահմանին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

 

«Մանրամասներ այս պահին չենք կարող ասել, մենք նախարարի վերադարձից հետո կտարածենք հայտարարություն»,- ասաց Մ. Աղեկյանը:


Հարցին, թե ճի՞շտ է, որ անվտանգության նկատառումներով պայմանավորված, հունիսի 6-ից փակ է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, Մ. Աղեկյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ ասելով, որ դա պետք է պարզել ՀՀ ոստիկանությունից:

 

Նշենք, որ ավելի վաղ aravot.am էլ. կայքը գրել էր, որ անվտանգության նկատառումներով հունիսի 6-ից փակ է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, միջպետական ճանապարհով երթևեկողները ստիպված են անցնել լեռնային տեղանքով ձգվող, Հարսնաքարի շրջանցիկ ճանապարհով:


Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին զոհվել էին 3 և հրազենային վնասվածքներ ստացել 6 հայ զինծառայողներ: Հաջորդ օրը, Ադրբեջանը կրկին դիվերսիոն հարձակում էր իրականացրել, որը հայ սահմանապահները կանխել էին, ինչի հետևանքով զոհվել էին պաշտոնական տվյալներով առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողներ:

 

Նշենք նաև, որ իրադարձությունները տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցի ընթացքում: