Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ամենաաղքատ երկրների ցանկը
Business Insider-ը հրապարակել է աշխարհի երկրների աղքատության ամենամյա ինդեքսը: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը` վկայակոչելով ռեսուրսին, աղքատության ինդեքսը հիմնված է երկրներում գործազրկության մակարդակի ու գնաճի տեմպերի գնահատականների վրա: Ընդհանուր ցուցանիշը նշված երկու ցուցանիշների համագումարն է: Որքան դրանք բարձր են, այնքան երկիրն աղքատ է:
Թոփ-20-յակի առաջին եռյակում են հայտնվել աֆրիկյան պետությունները` Զիմբաբվեն` 100,6% աղքատության ինդեքսով, Լիբերիան` 95%, և Բուրկինա-Ֆասոն 80,6% ինդեքսով: Այս երկրներում բնակչության 70%-ից ավելին չունեն աշխատանք ու ապրում են ծայրահեղ աղքատության մեջ:
Այնուհետ հաջորդում են Թուրքմենստանը (75%), Ջիբութին (66%), Նամիբիան (56,5%), Եմենը (55%), Նեպալը (53,8%), Կոսովոն (53,6%): Տասնյակը եզրափակում է Բելառուսը (53,4%):
Հաջորդ տասնյակում են Լեսոտոն (52,2%), Սենեգալը (51,4%), Քենիան (51%), Հաիթին (49,9%), Մարշալյան կղզիները (48,9%), Սվազիլենդը (48%), Բոսնիա-Հերցեգովինան (47,1%), Գազայի հատվածը (45%), Աֆղանստանը (42,7%) և ցանկը եզրափակում է Իրանը (37,8%):









