Ռուսաստանն աջակցում է խաղաղ ատոմ ունենալու Իրանի իրավունքին. Պուտին
Պեկինում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 12-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել իրանցի գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ գործակալության` հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող և միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն աջակցում է խաղաղ ատոմ ունենալու Իրանի իրավունքին ու մշտապես Թեհրանի հետ կապի մեջ է իրանական միջուկային խնդրի շուրջ:
«Մենք շատ հետևողական ենք զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցում: Սակայ գիտենք նաև Ձեր դիրքորոշումը, այն է` Իրանը չի աշխատում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը:
Խոսելով երկրների միջև տնտեսական համագործակցության մասին` Պուտինն ասել է, որ կարելի է ավելին անել, քան արվել է մինչ այսօր:
Թեհրանի ու միջնորդ «վեցնյակի» (Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին, Մոսկվայում: Նախոդ փուլերն անցկացվել էին Ստամբուլում ու Բաղդադում:
ԱՄՆ-ն, Արևմուտքի մի շարք երկրներ, ինչպես նաև Իսրայելը կարծում են, որ Իրանը խաղաղ ատոմ ստեղծելու ծրագրի տակ իրականացնում է միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ: Իրանը մեղադրանքները հերքում է` հայտարարելով, որ ատոմային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:









