Ռուսաստանը դատապարտել է ԼՂ հակամարտության սրումը

16:11 • 07.06.12

Ռուսական կողմը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
 

«Մենք անթույլատրելի ենք համարում իրավիճակի հետագա սրումը և պետք է շարունակենք կողմերին աջակցել` խաղաղ կարգավորման ճանապարհներ գտնելու հարցում»,- ասել է նա:
 

Ինչպես տեղեկացնում է Россия24-ը, Լուկաշևիչը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների` Փարիզում կայանալիք հերթական հանդիպումը կհարթի իրավիճակը:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սահմանային միջադեպերը քննադատել էր Երևան կատարած այցի ընթացքում:

 

«Մենք մտահոգված ենք այդ միջադեպի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից` այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այս հիմնախնդիրը պետք է լուծել միայն սեղանի շուրջ` բանակցությունների միջոցով: Իհարկե, մտահոգված ենք, քանի որ այս հարցը կարող է վերածել էլ ավելի լայն միջադեպի, որը բավական ծանր հետևանքներ կունենա»,- Երևանում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` անդրադառնալով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտմանը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիան նույնպես հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներով:
 

«Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, իր խորը անհանգստությունն է արտահայտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնք 8 մարդու մահվան պատճառ դարձան», - հայտարարել էր ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնար Վալերոն: