Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը փոխանցվեց Ղրղըզստանին

11:02 • 07.06.12

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այսօր անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների խորհրդի ընդլայնված նիստը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով CA-News-ին:

Իր ելույթում Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն նշել է, որ ներկայում ՇՀԿ շրջանակում վստահորեն զարգանում է քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Կյանքի են կոչվում գործարար մի շարք նախագծեր:

 

Չինական կողմն անդամ երկրներին առաջարկել է հիմնել ՇՀԿ Բարիդրացիության ու բարեկամության կոմիտե, որը կամրապնդի կազմակերպության սոցիալական հիմքը:

«Անհրաժեշտ է ՇՀԿ-ը վերածել տարածաշրջանային կայունության հուսալի գրավականի»,- ասել է Չինաստանի նախագահը:

 

Չինական կողմը որոշում է ընդունել հերթական անգամ կազմակերպության անդամ երկրներին հատկացնել 10 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսավորում: Նա Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը փոխանցել է Ղրղըզստանին: Ի դեպ, Թուրքիան գագաթնաժողովի արդյունքներով ստացել է այդ կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, իսկ Աֆղանստանը՝ դիտորդի կարգավիճակ:


ՇՀԿ-ում ներգրավված են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Եվս չորս պետություններ՝ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան, բացի Աֆղանստանից, ունեն դիտորդի կարգավիճակ, իսկ Բելառուսը և Շրի Լանկան, բացի Թուրքիայից, ապրիլի վերջից՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: